Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցով ՀՀԿ-ն այլ քաղաքական միավորներից որևէ դիմում չի ստացել։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ խնդիրը կուսակցությունների դիմել-չդիմելու մեջ չէ։ «Խնդիրը նրա մեջ է, որ ՀՀԿ-ն հայտարարել է՝ եթե լինի համընդհանուր համաձայնություն ընտրությունների օրը փոխելու հարցի շուրջ, մենք դեմ չենք քննարկել ընտրությունների օրը մի քանի օրով հետաձգելու հարցը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խորհրդի նիստից հետո նա հայտարարել էր, որ եթե առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք, չորս կամ հինգ օրով պետք է հետաձգել ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ, ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում։ «Բայց քանի որ դեռևս պարզ չեն այն դաշինքների ֆորմատները, կուսակցությունները, որոնք ամբողջությամբ պետք է առաջադրվեն 2017-ի ընտրություններին մասնակցելու համար, բնականաբար, այս պահին մենք որևէ վերջնական բան չենք կարող ասել։ Բոլոր մասնակից կառույցներն ու կուսակցությունները եթե գան համաձայնության, ՀՀԿ-ն խոչընդոտ չի ստեղծի, պատրաստ է այդ ուժերի հետ քննարկել ընտրական գործընթացը մի քանի օր հետաձգելու հարցը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ Հայաստանի նախագահի հրամանագրով, Ազգային ժողովի հերթական ընտրություններ են նշանակված 2017 թվականի ապրիլի 2-ին:
«ԿԸՀ-ն իրականացնում է իր գործառույթները` ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների սահմանված ժամանակացույցին համաձայն»,- ասաց Հերմինե Հարությունյանը։